Կան նյութեր, որ ավելի շատ չես գրում, քան՝ գրում ես: Բառախաղ չէ՝ քսան մտքից երկուսն ես ընտրում, մեկը՝ գրում: Ոչ այն պատճառով, որ անհեթեթ են ու գրելիք չեն, այլ՝ մեջդ զգոն գրաքննիչ կա, որ արգելում է մարդկանց ցավ պատճառել, իրավիճակի ու իրադրության մեջ մռայլը տեսնելով՝ վերարտադրել, որովհետև կյանքը շատ ավելին է տալիս, քան մենք վերցնում ենք: Որովհետև, ի վերջո, տասնյակ ելքեր կան, որոնք անտեսվում են ու ընտրվում է մեկը, որ տանում է դեպի ոչ մի տեղ, ու դու չես, որ պիտի հենց այդ ելքը ամրապնդես: ՈՒ էլի բազում «որովհետև»-ներ, որ թույլ չեն տալիս գրել՝ ինչ ցանկանում ես, որովհետև քո խնդիրը մարդկանց անելքության մեջ մխրճելը չէ, այլ՝ դուռ բացելը, ինչպես ինդքդ ես ցանկանում քո առաջ ոչ թե պարիսպներ տեսնել, այլ՝ բաց դռներ: Ինչուների հավերժական շղթան քակելը չէ խնդիրը, խնդիրը ավելի պարզ է՝ ոչ թե ընդունել՝ ինչ ու ինչպես կա, այլ՝ նվազագույնը, որ կարող են բոլորն անել՝ մտածել: Մը-տա-ծել: Իսկ միտքը նյութական է: Առավելագույնը, որ կարող են քչերն անել, գործն է, որ մտքի նյութականացած տեսակն է:
Գիտությունների ազգային ակադեմիայի 2014 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը տոնահանդես էր՝ մտքի խեղճության ու վիճակի: Ի սկզբանե ասեմ՝ բոլորն էլ ճիշտ են: Որևէ մեկի դեմ առարկություն չունեմ: Ընդունում ու հարգում եմ նրանց վաստակը, գիտության հետ չէ խնդիրը: Մթնոլորտի: Հնազանդության, համակերպումի, անջիղ-անաղ գոյության: Կյանքում ամեն ինչ նյութին հանգեցնելու ու ամեն ինչի պատճառը, հետևանքը, ելքը ֆինանսների մեջ տեսնելու: Վաղուց արդեն այնքան ռոմանտիկ չեմ, որ հավատամ, թե գիտնականները կարող են ու պիտի անհաց ու անարծաթ ապրեն ու անվերջ գյուտեր ու հայտնագործություններ անեն, զարգացնեն ու զարգացնեն գիտությունը: Չի լինում այդպես: Ամենաթանկը միտքն է ու միտքը ամենաբարձր վճարն է պահանջում՝ զարգանալու համար: Թույլ պետությունը չի կարող հզոր գիտություն ունենալ: Բայց հզոր գիտությունը կարող է ուժեղացնել պետությունը: Սա պարադոքս է: Երկրորդ համաշխարհայինում պարտված ու ատոմային ռումբի հարվածներին ենթարկված Ճապոնիան իր ազգային փրկության ու վերականգնումի ճանապարհ չընտրեց տնտեսության վերականգնումը: Ճապոնիան ունեցած-չունեցածը ներդրեց կրթության և գիտության զարգացման մեջ: Ռիսկային, գրեթե խելահեղ որոշում էր, բայց արդյունքներ տվեց, մի տասնամյակ հետո արդեն երկիրը սկսեց վերականգնել հնարավոր ամեն ինչ: Սամուրայի ու կամիկաձեի ոգին մղեց ազգային սխրանքի: Նրանք ազնիվ ու արդար, պատճառաբանված նվոցից գերադասեցին լուռ ու համառ ընթացքը անվերջ երկրաշարժվող կղզիների վրա՝ շրջապատված ոչ միշտ ու ոչ այնքան բարեկամ երկրներով: Նրանց Ֆուձիյաման, որ Արարատի համարյա կրկնապատկերն է, հավատի ու վստահության տապանը կայանեց՝ անցյալ պարտությունների, ցավերի ու սխալների վրա փակելով դուռը ու առաջ գնալ պարտադրելով:
Մենք ընդամենը կանք: Դարեր շարունակ մեր արածը դա է՝ գոյատևել: Չնչին փաստարկ է, որ այլ ազգեր վերացել են, չկան, մենք կանք: Ո՞Ւր է տանում մեզ մեր գենը: Կրկնում եմ՝ հարգում եմ բոլոր գիտնականների ազնիվ ու անձնուրաց ջանքերը՝ ապրել ու գիտություն պահել: Բայց ես այսօր ուզում եմ զարգացման փիլիսոփայություն: Ես ուզում եմ առաջընթացի փիլիսոփայություն: Վատ ենք ապրում՝ հասկացանք: Բայց՝ ինչքա՞ն պիտի վատ ապրենք: Ինչո՞ւ պիտի վատ ապրենք: Որովհետև չենք կարողանում կառավարե՞լ: Տնտեսության փիլիսոփայություն ունե՞նք, տնտեսական զարգացման քանի՞ տարբերակ է առաջադրվել ու քննարկվել, ամբողջ պատճառը վատնվող միջոցներն ու չհիմնավորված ծախսե՞րն են, թե՞ ուրիշի ձեռքին նայելու ավանդույթը: Սերո՞ւնդ պիտի փոխվի: Մտածողությո՞ւն: Սեփական չունեցածի պատճառը ուրիշի ունեցածի մեջ տեսնելու սովորությունը վերանա՞: Ի՞նչ: Ինչո՞ւ մենք չենք զգում մեր երկիրը, ինչ լինում է՝ կթողնեմ-կգնամի մեջ ելքը գտնելը ինչո՞ւ է համատարած դարձել: Ինչո՞ւ է մեր մեջ մարել դիմադրությունը: Ինչո՞ւ է հարմարվողականությունը ազգային բնավորություն դարձել: Ինչո՞ւ ենք մոռացել «ոչ» ասել, ասելիս էլ՝ մի տասը անգամ ներում խնդրել, ներքուստ հերոս զգալով, սակայն:
Տխուր ու տաղտուկ՝ սա է մթնոլորտը: Գիտության մեջ հաստատ: Ակադեմիան իր դատարկ շենքերով ու հոգնած ակադեմիկոսներով: Երիտասարդների ֆիզիկական ու մտավոր բացակայությամբ, մտածողության բացարձակ կաղապարվածությամբ: Նրանք գիտեն՝ ինչ գիտեն ու ոչինչ ավելին նրանց պետք չէ: ՈՒ սա միակողմանի երթևեկություն է հայրենիքի բոլոր փողոցներում՝ քաղաքականության, գիտության, տնտեսության, մշակույթի ու մտածողության մեջ: Հայկական լաբիրինթոս, որտեղ միայն ելքեր են, բայց չկա մուտք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկչոտ քննադատությանն ի պատասխան ասաց. «Երբ ես սկսեմ զբաղվել ինժեներիայով, դուք ինձ խիստ կքննադատեք։ Բայց դուք ինժեներ եք՝ քաղաքականությամբ եք զբաղվում»: Դասական պատասխան տաղտուկի ու տխրության մթնոլորտում: Բայց՝ ինչպես ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասում է՝ Հայաստանը տարածաշրջանում գիտության ոլորտի առաջատարն է։ Աբսուրդ: Մի շտապեք՝ Ռադիկ Մարտիրոսյանը հավելել է՝ այդ արդյունքը շատ դժվար կլինի երկար պահպանել, քանի որ հետազոտությունների բազան՝ ենթակառուցվածքները, շենքերը, սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշվել են։ «Այստեղ մենք խնդիր ունենք, և դրա լուծման համար անհրաժեշտ են պետական ծրագրեր»: Ամեն ինչ իր տեղն ընկավ: Մանավանդ՝ երկրորդ հիմնական խնդիրը գիտաշխատողների սոցիալական խնդիրներն են։ Բայց՝ «Նախագահի անմիջական աջակցությամբ հունվարի 1-ից կրկնապատկվել են գիտական աստիճանների համար վճարվող գումարները։ Ավելացել է նաև ակադեմիայի անդամների համար վճարվող գումարը»: «Մենք չենք կարող պնդել, թե իշխանությունները ուշադրություն չեն դարձնում գիտության խնդիրներին»,- եզրափակել է ակադեմիայի նախագահը իր խոսքը։ Այսինքն՝ ամբողջ խնդիրը հանգում է եղածը պահպանելուն, ինքնապահպանվելուն: Այդպես ապրում է ազգը, այդպես գործում է պետությունը, այդպես է հարցերը լուծում իշխանությունը: Դասական հայկական լաբիրինթոս: Բոլորը դժգոհ են, ոչ ոք չի ուզում դուրս գալ լաբիրինթոսից, որտեղ գոնե կերակրում են: Բաստիլը գրաված հեղափոխական ֆրանսիացիները ամրոցի ճակատին գրեցին՝ «Այստեղ միայն պարում են»: Ակադեմիայի վրա պակասում է պաստառ՝ «Այստեղ միայն պահպանվում են»: Տխուր ու տաղտուկ: Գնա՝ չեմ գալիս: Մտածի՝ մտածած է: Գործի՝ հնարավորություն չկա: Իսկ ի՞նչ ենք գրելու երկրի ճակատին՝ այստեղ միայն գոյատևո՞ւմ են: